Համառոտ ակնարկ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

1992թ.-ից դառնալով ՄԱԿ-ի անդամ եւ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հաստատման սկզբունքները որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին եւ համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների եւ օղակների հետ:

Այսօր Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնելու իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին: Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա, Հայաստանը պատրաստ է իր գործնական ներդրումը բերել համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանն ընտրվել եւ իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի մի շարք կարեւորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման եւ համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության եւ զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առեւտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում եւ այլն:

Առանց ՄԱԿ-ի գործակալությունների գործուն աջակցության անհամեմատ դժվար կլիներ Հայաստանի կառավարության ձեռնարկած ներպետական ծրագրերի մշակումը եւ իրականացումը, ինչպիսիք են աղքատության հաղթահարման, հակակոռուպցիոն, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության, կազմակերպված հանցավորության տարբեր ձեւերի դեմ պայքարի ծրագրերը:

2000թ. սեպտեմբերին Հազարամյակի հռչակագրով ՄԱԿ-ի 189 անդամ երկրները, պարտավորություն ստանձնեցին մինչեւ 2015թ. հասնել Հազարամյակի զարգացման ութ նպատակների /ՀԶՆ / կատարմանը.

  1. ծայրահեղ աղքատության եւ սովի հաղթահարում,
  2. համընդհանուր տարրական կրթության ապահովում,
  3. գենդերային հավասարության հաստատում,
  4. մանկական մահացության նվազեցում,
  5. մայրերի առողջության բարելավում,
  6. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիվանդությունների դեմ պայքար,
  7. կայուն զարգացման ապահովում,
  8. զարգացման համար գլոբալ գործըկերության ծավալում:

Միանալով հռչակագրին` Հայաստանն, ըստ էութան, պարտավորություն ստանձնեց իր ազգային երկարաժամկետ եւ ռազմավարական ծրագրերում ներառել Հազարամյակի զարգացման նպատակները, ինչպես նաեւ իրականացնել տնտեսական աճը մարդկային զարգացմանն ուղղորդելու հստակ ռազմավարական ծրագրեր: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում մշակվեց □Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի□ /ԱՀՌԾ/ մեխանիզմը, եւ ՀՀ կառավարության որոշմամբ 2000 թվականի մայիսից Հայաստանում սկսվեց ԱՀՌԾ գործընթացը: 2008թ. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (ԱՀՌԾ-ն) ներառում էր 2003-2015թթ. ծրագրային ժամանակահատվածը: Այն, ըստ էության ՀՀ անկախության ձեռքբերումից հետո ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առաջին երկարաժամկետ ռազմավարական ծրագիրն էր: Սակայն 2006-ից հետո կարիք եղավ վերանայելու ԱՀՌԾ իրականացման հիմնական արդյունքները, ռազմավարական ծրագիրը, ցուցանիշներն ու գերակայությունները եւ 2008թ.-ին այն ենթարկվեց որոշակի փոփոխությունների եւ վերանվանվեց Կայուն զարգացման ծրագիր` հաշվի առնելով, որ այն բովանդակությամբ եւ կառուցվածքով որոշակիորեն տարբերվում է նախորդից, ունի ավելի լայն ընդգրկում եւ հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, որը նախատեսված է 2008-2021թթ. համար:

ՄԱԿ-ի կայքէջի հասցեն է` www.un.org
ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի կայքէջի հասցեն է`www.un.am