Լուրեր

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

09.12.2015

Կից լուսանկարներ

GenocideDay

Ամբողջ ալբոմ »

ՄԱԿ-ի Խնամակալության խորհրդի սրահում անցկացված միջոցառմանը, որը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` որպես ցեղասպանության զոհերի հիշատակի տուրք, ներկա են եղել մեծ թվով պետությունների, դիտորդ կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ ու դպրոցականներ: Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի ԳԱ նախագահը, գլխավոր քարտուղարի (ԳՔ) տեղակալը և ՀՀ մշտական ներկայացուցիչը, հիմնական բանախոսն եղել է ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականը, իսկ մյուս բանախոսները` Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի նախագահը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահը: Ելույթներ են հնչել նաև տարածաշրջանային խմբերի անունից:

Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զ. Մնացականյանը նշել է, որ ԳԱ 69/323 բանաձևով հռչակված միջազգային օրը կոչ է անում դրսևորել հավաքական պատասխանատվություն ցեղասպանության հանցագործության զոհերի առջև: Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խթանելու ու աջակցելու միջազգային ջանքերը` ուղղված 1948թ. Ցեղասպանության  հանցագործության  կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նշանակության գիտակցմանը և հետևողականորեն ու վճռականորեն կանխարգելման համակարգի կուռ հիմքեր կառուցելուն: Այս կապակցությամբ, դեսպանը հիշատակել է 2015թ. Հայաստանի նախաձեռնած և կոնսենսուսով ընդունված ԳԱ և ՄԻԽ համապատասխան բնանաձևերը` երախտագիտություն հայտնելով բոլոր գործընկերներին աջակցությամբ համար: Դեսպանն առանձնացրել է 2015թ. ապրիլին Երևանում անցկացված Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը:

Անդրադառնալով ԳԱ նախագահի և ԳՔ տեղակալի ավելի վաղ հնչած ելույթներին, թե ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցով միջազգային հանրությունը վերահաստատում է այդ սարսափելի ոճրագործությունը կանխելու իր հանձնառությունը, դեսպան Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային օրն արժանապատվության միջոցով է հատուցում զոհերին` նրանց նկատմամբ անցյալի անտարբերության ու անգործության համար և այդպիսով օգնում վերականգնել արդարությունը: ՀՀ դեսպանը հավելել է, թե դեկտեմբերի 9-ը նշանավորվում է ոչ միայն կարևոր միջազգային իրավական փաստաթղթի ընդունմամբ, այլև այն իր մեջ հզոր ուղերձ է պարունակում խթանելու (կամ բոցավառելու) քաղաքական, իրավական ու բարոյական պատասխանատվություն «կրկնվող բնույթ ունեցող այդ հանցագործությանը մարտահրավեր նետելու և ի վերջո այն կասեցնելու համար»:

«Նրանք, ովքեր չեն սովորում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն», ընդգծել է Զ. Մնացականյանը և շարունակել, թե ցեղասպանական միտումները (գործոնները) արմատախիլ անելու համար անցյալի ոճրագործությունների խորքային պատճառների ուսումնասիրությունը հրամայական է: Ըստ դեսպանի, «խտրականության յուրաքանչյուր դրսևորում, իրավունքի ամեն մի խախտում վտանգի տակ է դնում խոցելի խմբերին, իսկ բացառողական գաղափարախոսությունը, անպատժելիության մթնոլորտը, ցեղասպանության ժխտումը և ատելություն սերմանող քարոզչությունը, ինչպես նաև բռնության հրահրումը» վաղ նախազգուշացման վառ օրինակներ են, որոնք պահանջում են անհապաղ գործողություններ` կանխարգելման մեխանիզմներ:

Օրվա բանախոսներն անդրադարձել են ցեղասպանության պատճառներին ու  հետևանքներին, ցեղասպանական դրսևումների վերլուծությանն ու երկարաժամկետ կանխարգելման հարցի հետ դրանց առնչությանը, ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության կարևորությանը, զոհերի իրավունքի պաշտպանության միջոցներին ու փոխհատուցմանը, չկրկնվելու երաշխիքներին ու հաշվետվողականությանը, ցեղասպանության և մարդու իրավունքների կոպտագույն այլ խախտումների փոխկապակցվածությանը, ոճրագործության կանխարգելմանն ու պատժին:

Միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի ԳՔ-ն հատուկ ուղերձ է հղել: Միջոցառումը, որին հնչել են նաև երաժշտական կատարումներ ՄԱԿ-ի սիմֆոնիկ նվագախմբի կողմից լուսաբանվել է ՄԱԿ-ի շրջանակներում, ինչպես նաև ամերիկյան ու միջազգային ԶԼՄ-ների կողմից: Կազմակերպության Հանրային տեղեկատվության վարչության հետ համատեղ նախաձեռվել է սոցիալական ցանցերի քարոզարշավ (#GenocideVictimsDay և #PreventGenocide), ստեղծվել է օրվա խորհրդանիշ և մշակվել կարգախոս (“Remember the Victims Prevent Genocide”): Պատրաստվել է և գործարկել միջազգային օրվա կայքեջ, որտեղ հասանելի է (http://www.un.org/en/events/genocidepreventionday/) օրվա վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Միջազգային օրվա միջոցառումը հեռարձակվել է ՄԱԿ-ի կայքի միջոցով և տեսագրությունը հասանելի է հետևյալ կայքեջում`

http://webtv.un.org/watch/mogens-lykketoft-ga-president-at-international-day-for-the-commemoration-and-dignity-of-the-victims-of-the-crime-of-genocide-and-for-the-prevention-of-this-crime/4653939423001 :

Տեղեկանք: 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած A/RES/69/323 բանաձև, որով հռչակվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:  Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի դրույթներից: Սույն բանաձևերն ընդգծում են ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Նշենք, որ 1948թ. դեկտեմբերի 9-ին է ընդունվել Ցեղասպանության  հանցագործության  կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։  Հիշյալ բանաձևերը և միջազգային օրվա բարձրաստիճան միջոցառումը գալիս են լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները: