Արտաքին քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաեւ` տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձեւավորմանը:

ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից է միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը:

Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի լուծումը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հարցը խարսխվելու է հետեւյալ սկզբունքների վրա.

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտվող անխափան ցամաքային կապ,
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի:

Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը:

Հայաստանը հետամուտ է ամրապնդելու եւ խորացնելու երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ:
Հայաստանը կարեւորում է ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու խորացումը եւ համագործակցության սերտացումը:

Հայաստանը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եվրոպական ընտանիքին մերձեցումը` հենվելով եվրոպական կառույցների եւ կամակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների եւ ընդհանուր արժեքների վրա:

Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Հայաստանը կողմնակից է եւ ձգտում է տարածաշրջանում բաց սահմաններով եւ գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության: