Մշակույթ

Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնք արտացոլում են յուրահատուկ մշակույթը եւ բնապատկերները: Առօրյա կյանքի ասպեկտներն արտահայտված են ամենագեղարվեստական ձեւով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների եւ դիզայնի մեջ:

Ճարտարապետությունը Հայաստանում արվեստի ամենահետաքրքիր ձեւերից մեկն է, ինչպես օրինակ` եկեղեցիների որմնանկարներում եւ ցայտաքանդակներում գեղարվեստական պատկերազարդումները: Քանդակագործությունն ամենուրեք է` Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքում եւ գյուղում:

Հայերը սիրում են երաժշտություն եւ դարեր ի վեր նրանք ստեղծել են նրբաճաշակ երկեր: Շարականները հայկական ավանդական եկեղեցական երգեր են, որոնք այսօր վերածնունդ են ապրում: Բնորոշ երաժշտական գործիքներ են օգտագործվում` նվագելու հայկական ազգային երգեր: Սայաթ-Նովան, Կոմիտասը եւ Արամ Խաչատրյանը Հայաստանի ամենանշանավոր երաժիշտներից ու երգահաններից են: Ժամանակակից երաժշտությունը հանդես է գալիս ջազի եւ փոփի տեսքով: Կոմիտասի անվան կոնսերվատորիան նպաստում է հայ երաժիշտների ապագա սերունդները հղկելուն: Հաճախակի համերգները սքանչելի երեկոներ են պարգեւում Երեւանում` Ֆիլհարմոնիկում, Կամերային երաժշտության տանը, Օպերայի եւ բալետի թատրոնում:

Գրականությունը միշտ կարեւոր դեր է խաղացել Հայաստանի մշակութային եւ ազգային ինքնության մեջ: Մինչեւ 5-րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը հայկական հեքիաթները փոխանցվում էին բանավոր կամ օտար լեզուներով գրված: Հայկական ձեռագրերը` գեղեցիկ զարդարված մանրանկարներով, միավորում են Հայաստանի գրական եւ պատկերազարդման սովորույթները: Քրիստոնեական մշակույթը եւ հայոց լեզուն կատարելապես արտահայտող, դարեր շարունակ էական փոփոխությունների չենթարկված հայոց գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի կողմից նոր խթան հանդիսացան մշակութային յուրահատուկ սովորույթների զարգացման համար: Այս գրական եւ գեղարվեստական պատմությունը տեսնելու առավել լավ վայր չկա, քան Երեւանի Մատենադարանը /Հին ձեռագրերի ինստիտուտը/, որտեղ պահվում է 14.000 ամբողջական ձեռագրերի, հատվածների եւ մանրանկարների արտասովոր հավաքածուն: Հնագույն մագաղաթները թվագրվում են հինգերորդ եւ վեցերորդ դարերին: Ձեռագրերի մեծ մասը հին գիտնականների գիտահետազոտական աշխատանքներն են աստվածաբանության, աստղագիտության, աստղագուշակության, ալքիմիայի, աշխարհագրության, պատմության, բժշկության, պոեզիայի եւ երաժշտության բնագավառներում:

Հայկական թատրոնն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Մատենադարանում կան բազմաթիվ ձեռագրեր նաեւ թատրոնի վերաբերյալ: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայել է, որ մ.թ.ա. 53թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը, եւ որ հայոց Արտավազդ թագավորը գրել է ողբերգություններ: Թատրոնի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 5-րդ դարի մատենագիր Հովհան Մանդակունին եւ Դավիթ Քերթողը, հետագայում` Թովմա Արծրունին (9-10-րդ դարեր) եւ ուրիշներ, որոնք վկայում են այն մասին, որ թատրոնը հարատեւել է նաեւ հետագա դարերում: Այսօր էլ բավական մեծ եռանդով ու պատասխանատվությամբ շարունակվում են պահպանվել Հայկական թատրոնի ավանդույթները:

Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19-րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը եւ ծովանկարիչ Հովհաննես /Իվան/ Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20-րդ դարում Մարտիրոս Սարյանը պատկերեց բնության էությունը նոր լույսի ներքո, իսկ Արշիլ Գորկին մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն եւ Ժանսեմը հռչակ եւ համբավ ձեռք բերեցին Ֆրանսիայում: Այցելությունը Սարյանի այգի Ձեզ կծանոթացնի հայ ժամանակակից նկարիչների հետ:

 

 

Կովկասյան տարածաշրջանը եւ Հայաստանը` մասնավորապես, գիտնականների կողմից համարվում են վայր, որտեղից սկիզբ են առել գորգագործությունն ու կարպետագործությունը: Հայերը շարունակում են այս ավանդույթը եւ դուք կարող եք գտնել հին ու նոր գորգերի եւ կարպետների շատ մասնագիտացված խանութներ: Շաբաթ-կիրակի օրերին բաց երկնքի տակ գործող ցուցահանդես-տոնավաճառում գորգավաճառները ներկայացնում են իրենց աչք շոյող ապրանքները` լի հրապուրիչ գույներով եւ նախշերով: Նույն տոնավաճառում դուք կտեսնեք ձեռքի գրավիչ աշխատանքների առատություն եւ դժվար կլինի գնումներ չանելը: Հայաստան այցելողները կարող են գտնել ձեռագործ աշխատանքներ, հայկական ոսկի, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր: Օբսիդիան քարն օգտագործվում է զարդերի, գրասեղանի պարագաների եւ դեկորատիվ իրերի պատրաստման համար: Կարպետագործությունը միայն արվեստ չէ, օրինակ` քիլիմագործությունը օգտագործվում է հագուստի պարագաների, պայուսակների եւ տան կահավորանքի պատրաստման մեջ: Փայտից փորագրությունները կրկնօրինակում են հին քարե խաչերը /խաչքարեր/, որոնք սփռված են ողջ երկրով մեկ եւ չկա նույնից երկու հատ: Հայկական արհեստագործությունը միավորում է էլեգանտ շինվածքները եւ սքանչելի երեւակայությունը մանածագործվածքներում, խեցեգործության, մետաղագործության եւ փայտամշակության մեջ:

Հայաստանը հաճախ անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Զբոսաշրջիկները Հայաստանի ողջ տարածքում կարող են գտնել մոտ 4.000 պատմական հուշարձան, որ ընդգրկում են երկրի պատմության տարբեր դարաշրջանները` նախապատմական շրջանից մինչեւ հելլենիստական, եւ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից մինչեւ միջնադարյան: Դարեր շարունակ հայերը ստեղծել են իրենց գլուխգործոցները խաղաղության եւ հարաբերական բարգավաճման հազվադեպ ժամանակաշրջաններում: Միայն Երեւանում կան գեղարվեստի ավելի քան 40 թանգարաններ եւ պատկերասրահներ: