Բիզնես Հայաստանում

Համառոտ նկարագիր

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ՀՀ կառավարության ընդհանուր տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում եւ դիտարկվում է որպես տնտեսական զարգացման կարեւորագույն միջոցներից մեկը: Ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացմանը, շուկայական ենթակառուցվածքի զարգացմանը, եւ այդ բոլորի հիման վրա` տնտեսական զարգացման խնդրի ապահովմանը: Ներդրումային նպատակաուղղված քաղաքականության մշակմամբ եւ նրա արդյունավետ իրականացմամբ է մեծապես պայմանավորված երկրի արդյունաբերական եւ գիտատեխնիկական զարգացման հետագա ընթացքը: Ինչպես եւ բոլոր զարգացող երկրներում, Հայաստանում իրականացվող ներդրումների աճի ապահովումը լուծում է մի շարք կարեւորագույն խնդիրներ, ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը, շուկայական տնտեսությանը հատուկ նոու-հաուների ներգրավումը (ընդհանուր եւ ֆինանսական կառավարում, շուկայավարում, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ եւ այլն), նոր շուկաների բացահայտումը, նրանց հասանելիությունը, այդ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները եւ այլն:

Հայաստանի Հանրապետությունը ներդրումների նկատմամբ հայտարարել եւ իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն, եւ այս ազատական մոտեցումն ամրագրվել է օրենսդրության մեջ, մասնավորապես` 1994թ.-ին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում, 2005թ.-ին հաստատված «ՀՀ ներդրումային քաղաքականության» Հայեցակարգում եւ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ներդրումներին վերաբերող այլ դրույթներում:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ձեւավորվել եւ իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա, այն նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսության մեջ:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

  • ներդրումային ոլորտում տնտեսավարման ազատական սկզբունքների կիրառումը,
  • ներդրումները կարգավորող օրենսդրության գրավչության եւ կայունության հնարավորին ապահովումը,
  • օտարերկրյա եւ տեղական ներդրողների համար տնտեսավարման հավասար, ոչ խտրական պայմանների ապահովումը,
  • օտարերկրյա ներդրումներին եւ ներդրողներին ազգային եւ առավել բարենպաստության ռեժիմների տրամադրումը,
  • ներդրումների եւ ներդրողների օրինական շահերի պաշտպանության ապահովումը:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է` տնտեսական ակտիվության բարձրացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման եւ ներդրումների ծավալների մեծացման միջոցով տնտեսական կայուն աճի եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովումը: Բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման, օտարերկրյա եւ տեղական ներդրումների ծավալների մեծացման համար կարեւորվում է ներդրումային ոլորտում վարչարարական խոչընդոտների հաղթահարման խնդիրը:

Ներդրումների ներգրավման խթանումը, նրանց զգալի ծավալների առկայությունը տնտեսությունում եղել եւ մնում է խիստ որոշիչ ՀՀ տնտեսական զարգացման ընդունելի տեմպերի եւ ծավալների ապահովման համար:

ՀՀ կառավարությունը, ներդրումային միջավայրի բարելավման եւ ներդրումների խթանման նպատակով, ձգտում է իրականացնել մի շարք առաջնահերթ քայլեր, դրանք են. 

  • Երկրի տնտեսության տարածքային անհավասարակշիռ զարգացումից խուսափելու համար երկրի մարզերում ներդրումների խրախուսման նպատակով իրականացվում են նպատակային միջոցառումներ` տնտեսական ենթակառույցների, կապի եւ հաղորդակցման զարգացում, խթանման եւ աջակցման արդյունավետ համակարգի կիրառում: Դրա հետ մեկտեղ կշարունակվեն մշակվել եւ իրականացվել տարածքային զարգացման համալիր ծրագրեր:
  • Հաշվի առնելով օտարերկրյա ուղղակի ներդրումների ժամանակակից միտումները՝ գիտատար ճյուղերում ներդրումների կշռի առաջընթաց մեծացումը, քայլեր են ձեռնարկվում էապես փոփոխելու երկրի մրցակցային առավելությունների կառուցվածքը, որում աստիճանաբար պետք է նվազեն բնական ռեսուրսների, էժան աշխատուժի առկայության դերը, միեւնույն ժամանակ որոշիչ դառնան «ստեղծված ակտիվները», ինչպիսիք են` բարձրորակ մասնագետները, գիտահետազոտական կառույցները, ենթակառույցների զարգացվածությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման եւ դրանց լայնածավալ կիրառման վրա, որոնք ներկայումս երկրի մրցակցային առավելությունների բարելավման հիմնական ուղղություններից են հանդիսանում եւ դասվում պետական զարգացման քաղաքականության ռազմավարական ուղղությունների շարքին:
  • Սփյուռքի հետ ավելի ուղղորդված եւ ակտիվ համագործակցության իրականացում՝ երկուստեք վստահելի եւ շահավետ միջավայրի ձեւավորմամբ:
  • Միջազգային չափանիշներին համապատասխան ապահովագրական համակարգի ձեւավորում՝ ներդրումները հնարավոր ռիսկերից ապահովագրելու համար:

Մանրամասն

Արտաքին տնտեսական համագործակցություն

Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրատնտեսական համագործակցությունը իրականացվում է ազատական (լիբերալ) սկզբունքների հիման վրա: Արտաքին առեւտրատնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններն են համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրումը, արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումը, արտաքին տնտեսական գործունեության զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, արտաքին առեւտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող ենթակառուցվածքների զարգացումը եւ այլն:
Արտաքին տնտեսական համագործակցության ոլորտում հավասարակշռված քաղաքականության իրականացումը պայմանավորված է ընտրված գերակայությունների շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմամբ եւ Հայաստանի համար առավել նպաստավոր նոր հարաբերությունների հաստատմամբ:
Այդ ուղղություններով կատարվում է նպատակաուղղված եւ հետեւողական աշխատանք: Մասնավորապես`

  • Հայաստանի Հանրապետության կողմից առեւտրատնտեսական ոլորտի բազմակողմ եւ երկկողմ միջազգային համաձայնագրերի կնքում,
  • օտարերկրյա պետությունների հետ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում եւ համատեղ նիստերի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարում,
  • հանրապետական եւ միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսներին հայաստանյան արտադրանքը ներկայացնող մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական եւ այլ օգնության ցուցաբերում եւ այլն:

Առեւտրատնտեսական համագործակցության հետագա խորացմանը կնպաստի արտասահմանյան երկրներում, մասնավորապես` Եվրամիությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում այդպիսի ներկայացուցչության հիմնումը:

Աղբյուր. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն